09.05.2020

Մոնթե Մելքոնյանի բարկանալու “համը”

Մոնթեի մարտական ըներները պատմում են, որ նրա ամենակեղտոտ բառը «Էշն» էր։ Բարկանալուց նա հենց այդ բառն էր կիրառում:

Մի անգամ Մոնթեին տեղեկություն են տալիս, որ թշնամական մի տանկ կա մոտակայքում: Մոնթեն անմիջապես հայկական տանկ է ուղարկում վերջինիս ընդառաջ, պարզելու, թե ինչն ինչոց է եւ, եթե հնարավոր է, տանկը գրավելու: Մերոնք գնում են ու ինչպես է լինում, կրակում են թշնամու տանկին, շարքից հանում այն: Ասում են, հրամանատարի բարկությանը չափ ու սահման չի լինում, քանի որ տանկը վերցնելու փոխարեն անիմաստ ոչնչացրել էին այն: Նա հայկական տանկից դուրս է կանչում անձնակազմին ու հարցնում՝
– Դուն ո՞վ ես, քեզ ո՞վ իրավունք տվեց կրակելու։
Մարդն ասում է՝
– Ես հրամանատարն եմ։
– Դուն հրամանատար չես, դուն էշ ես,-հետեւում է Մոնթեի պատասխանը։
Հետո հարցնում է մյուս զինվորին՝
– Դո՞ւն ով ես։
– Ես հրաձիգն եմ։
– Դուն հրաձիգ չես, դուն ալ ես Էշ։
Հետո Մոնթեն նույն հարցը տալիս է երրորդ զինվորին, ով տանկի մեխանիկ-վարորդն էր, եւ ի զարմանս բոլորի հնչում է նման մի պատասխան՝ ես էշ եմ։
Որոշ ժամանակ բոլորն անակնկալ պատասխանից քար են կտրում, իսկ հետո լսվում է Մոնթեի ձայնը՝
– Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։

Մայիսի 9-ը կրկնակի տոն է, խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցների առաջ: Ձեր սխրանքն անմահ է:

Կապվեք մեզ հետ